Jump to content

Ռազիի-Բոնդարենկոյի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազիի-Բոնդարենկոյի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Ռազիի-Բոնդարենկոյի տուն (ռուս.՝ Дом Рази-Бондаренко), շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոց, 84 հասցեում։ Նրա առավել հայտնի սեփականատերեր տարբեր ժամանակներում եղել են Նադեժդա Ռազին և Սեմյոն Միխայլովիչ Բոնդարենկոն[1]։

19-րդ դարի երրորդ քառորդում վաճառական Ռազին ձեռք է բերել հողամաս, որը հետագայում դարձավ Բոլշոյ Բիրժևոյ նրբանցքի անկյունը։ Մոտակայքում կառուցվեց մեկհարկանի տուն, որը եղել է նրա կնոջ՝ Նադեժդա Ռազիի (օրիորդական ազգանունը՝ Կոբզարևա) սեփականությունը։ Շենքը նրան պատկանել է 1873 թվականից[1]։ Այդ վայրում ժամանակի ընթացքում հայտնվել է երկու շենք։ Անկյունայինում գտնվել է «Զվյոզդոչկա» ռեստորանը, որը պատկանել է քաղքենի Դմիտրի Անտոնովիչ Կրեմենիցկուն[2]։ Մոտակայքում գործել է Գեպֆերտի հյուրանոցը[1], որի սեփականությունն էր նաև հրուշակեղենի քաղաքում լավագույն կոոպերատիվ կրպակը։ Այնուհետև տանը սկսել է գործել տարրական ուսումնարանների ուսուցիչ Ս. Ս. Բելոկովսկու գրախանութը, որն աշխատել է շատ կարճ, ապա դարձել է Ա. Ա. Վաշինենկոյի սեփականություն։ 1880-ական թվականներին այստեղ հայտնվել է տպարան։ Նադեժնա Ռազիին տունը պատկանել է մինչև 1906 թվականը։ Հայտնի է, որ 1908 թվականին նրա ժառանգները և Մ. Ա. Պոպոնդոպուլոյի ժառանգները Պետրոսի փողոցի զույգ կողմում աղյուսե կցակառույց և կրպակ կառուցելու խնդրագիր են ներկայացրել[1]։

1913 թվականին[2] (այլ տվյալներով՝ 1915 թվականին[1]) շինություններով հողամասի տեր է դարձել Սեմյոն Միխայլովիչ Բոնդարենկոն։ Մինչ այդ նա, ըստ փողոցների հին համարակալման, եղել է Ալեքսանդրի, 50 և Միխայլովյան, 41 տների սեփականատերը։ Սեմյոն Բոնդարենկոյի հայրը եղել է վաճառական, իսկ ինքը՝ Սեմյոն Միխայլովիչը, իր գործունեությունն սկսել է ձկների խոշոր խմբաքանակների ձեռքբերումից և վերավաճառքից[2]։

Սեմյոն Բոնդարենկոն քաղաքում հայտնի էր շնորհիվ իր կինոթատրոնի, որը բացել էր Մեչնիկովի նրբանցքում 1914 թվականի հունվարին[1]։ Ճակատին եղել է «Սեմյոն Բոնդարենկոյի կինոթատրոն» գրությունը, որը կազմելու համար օգտագործվել են էլեկտրական լամպեր։ 1916 թվականի ապրիլից Բոնդարենկոն անձամբ զբաղվել է թատրոնի զարգացմամբ, հետևել է, որ ֆիլմերը ցուցադրվեն «առանց թարթելու»։ Դրան նա հասել է հին տեխնիկան նորով՝ Պատեի գործարանի թողարկածով փոխարինելու շնորհիվ[2]։

1918 թվականի մարտին կինոթատրոնն ազգայնացվել է և վերանվանվել է «Պալաս»։ 1919 թվականին այնտեղ բացվել է գեղարվեստական մանրապատումների «Խճանկար» թատրոնը։ 1920 թվականից այն արդեն սկսել է կոչվել «Ռուսական մեծ հեղափոխության անվան պետական երկրորդ թատրոն»։ 1925 թվականից կոչվել է «Մեծ համր»։ 1930-ական թվականներին ստացել է ժամանակակից անվանումը՝ «Ռոտ Ֆրոնտ»։ Այն հայտնի է նրանով, որ քաղաքում առաջին հնչուն կինոթատրոնն է, իսկ 1957 թվականի հուլիսից դարձել է լայնաֆորմատ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Рази Бондаренко дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Дом 84, Петровская улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.